ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Այս ամենը չպետք է ավարտվի «Տարոն ջան, սիրուն չի» վերջաբանով»

«Այս ամենը չպետք է ավարտվի «Տարոն ջան, սիրուն չի» վերջաբանով»
26.07.2013 | 12:05

Քաղաքապետի երեկվա ուղերձից հետո լարվածությունը մայրաքաղաքում թուլացավ։ Անցնող շաբաթվա իրադարձությունների առնչությամբ քաղաքական գործիչներից գնահատականներ խնդրեցինք։

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
-Երևանի երիտասարդությունը, մասնավորապես երևանցին, տզրուկներին ասաց` ոչ: Մեծ ու փոքր այն տզրուկներին, որոնք տարիներ շարունակ, օգտվելով իրենց պաշտոնական դիրքից, կեղեքում էին երևանցուն: Այդ գծատերերի մեջ պատահական ոչ մեկը չկա: Կամ կեղծիքներով ընտրված ՀՀԿ-ական պետք է լինի, կամ ՀՀԿ-ի սպասավորներից: Հակառակ դեպքում նա երբեք չի մասնակցի Երևանում միլիոնավոր դոլարների հափշտակմանը: Շուրջ 12 տարի է, ինչ Երևան քաղաքի ուղեվարձը սահմանված է 100 դրամ: Այս տարիներին նվազագույնը 140 անգամ ՕՊԷԿ-ի երկրներում նավթի և էներգակիրների գինը վերուվար է արել, բայց մեր փոխադրամիջոցների գինը նույնն է մնացել, չի փոխվել: Գազի թանկացման առիթը օգտագործելով, սրանք որոշեցին բարձրացնել ուղեվարձը, քանի որ չեն կարող, չէ՞, մի քանի տոկոս եկամուտ ունենալ: Մեր սեփական «տզրուկը» համաձայն չէ, նա պետք է 100 տոկոս շահույթ ունենա: Եթե այդքան եկամուտ չունենա, կմտածի, թե վնասով է աշխատում: Օգտվելով առիթից, որոշեցին 50 դրամով թանկացնել` անամոթաբար քաղաքացուն ոչ մի հաշվարկ չներկայացնելով: Այնքան են սուտ ասել, որ մտածում են, թե հերթական անգամ էլ կխաբեն: Այս անգամ նրանք «դեմ» են առել երիտասարդներին, որոնք սրանց քթից են բերելու: Արդեն իսկ 50 դրամի հետադարձն էլ չի օգնելու, կանցնեն հացի, կաթի թանկացմանը ու, ի վերջո, կանցնեն մոնոպոլիստական կապիտալիզմին, որը կլինի ՀՀԿ-ի վերջը: Կանենք դրանց թաղումն ու էգնահողը: Ամբողջապես իրենք են արատավորել իմ երկիրը, առանց դրանց մասնակցության երկրում մարդասպանություն, թալան չի լինում: Տզրուկների մի հատվածը ԱԺ-ում է, որոնք իրենց համար օրենքներ են ընդունում` տզրուկներին հաճո օրենքներ: Տզրուկների մի մասն էլ դարձել է չինովնիկ: Պարզվեց, որ մայրաքաղաքի տրանսպորտի վարչության պետը գծեր ունի ու դա այն մարդն է, որ ուղեվարձի ինքնարժեքի մասին է խոսում: Այսինքն, մենք մեր գումարներով այդ տզրուկին պահում ենք, որ ինքն իր ընտանեկան բիզնեսը զարգացնելու համար ուղեվարձը թանկացնի 50 %-ով: Անմիջապես դրան պիտի աշխատանքից դուրս շպրտել, հետո քրեական գործ հարուցել, պարզել` երևանցուն քանի հարյուր հազար դոլարի է թալանել, որ հասարակությունը հասկանա, որ երկիր ունենք: Հասել ենք էնտեղ, որ սա մի հատ էլ լրագրողներին հայհոյանք է տալիս: Համ մեր հաշվին ապրի այդ տզրուկը, համ էլ լրագրողին հայհոյի: Այ հենց սրա համար է երևանցին դուրս եկել տզրուկների դեմ: Կարող ենք փաստել, որ այս պայքարն ավարտվեց հօգուտ ժողովրդի։ Սրանք մի քիչ ձև կթափեն նոր հանձնաժողովով, կփաստեն 100 դրամը` սպասելով հարմար պահի կրկին գիշատչի ժանիքները հանելու համար։ Բայց պետք է իմանան, որ սրանով երևանցու պայքարը չի ավարտվելու, նրանք արդեն տեր են դարձել իրենց քաղաքին, այլևս չեն զիջելու։ Պայքար, պայքար մինչև վերջ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
-Թանկացման պահը պատահական չէր ընտրվել: Դա համընկավ ընտրական ցիկլի ավարտի հետ, մյուս կողմից էլ` ամառ է, և իշխանությունները, հավանաբար, մտածեցին, որ ամռան այս շոգին, երբ հասարակությունը պասիվ է, թանկացման համար հարմար պահ է: Նրանք իրենց հաշվարկներում սխալվեցին: Այս օրերին Երևանում ծավալվել է շատ ակտիվ սոցիալական շարժում, որը Հայաստանի պատմության մեջ թերևս առաջին անգամ չունի կուսակցական ղեկավարում: Այս առումով իշխանության համար բարդ իրավիճակ է ստեղծվել, որովհետև նրանք սովոր են գործ ունենալու կոնկրետ կազմակերպված թիրախի հետ, որին հարվածելով, թուլացնել շարժումը: Այս դեպքում ավանդույթ դարձած ռեպրեսիաները չեն աշխատում: Քաղաքացիները շատ ակտիվ պայքարում են ոչ միայն իրենց, այլև իրենց ընկերների իրավունքների համար: Գործ ունենք քաղաքացիական մի շարժման հետ, որի ծավալն ու բովանդակությունը կարող են մեծանալ:
Իշխանությունն ունեցել է երկու հիմնական զենք` սուտը և բռնությունը: Այսօր իշխանության խոսքն այլևս մարդկանց համար գրոշի արժեք չունի, որովհետև մարդիկ վաղուց համոզվել են, որ իրենց խաբում են: Բռնությունն այս շարժման պարագայում ճիշտ հակառակ արդյունքն է տալիս: Երբ ակտիվիստներից որևէ մեկին բերման են ենթարկում, մարդկանց թիվն ավելանում է: Իշխանությունը կամ հասարակության հետ անկեղծորեն երկխոսության պիտի գնա, կամ բռնությունների ճանապարհով` անխուսափելիորեն հասունացնելով սոցիալական բունտը: Իսկ քաղաքացիական ակտիվիստներն էլ պետք է ընդլայնեն շարժման օրակարգը, բովանդակությունը, որակը, որ այս ամենը չվերջանա «Տարոն ջան, սիրուն չի» վերջաբանով:

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
-Հասարակությունը կանգնելու է մինչև վերջ, որպեսզի բոլոր պահանջները մինչև վերջ կատարվեն, ու առաջին հերթին Տարոն Մարգարյանի ընդունած որոշումները չեղյալ ճանաչվեն։ Երթուղային գծերի իրական տերերի անունների հրապարակումը ակնհայտ դարձրեց, որ դրանցից մի քանիսը պետք է ընդհանրապես զրկվեն հանրային ծառայություն մատուցելու իրենց իրավունքից, քանի որ գործել են ապօրինությունների դաշտում: Պիտի մտածել նաև տրանսպորտի որակի բարելավման մասին, քանի որ Երևանն այլևս այսպես ապրել չի կարող: Երևանը չի կարող կախված լինել ինչ-որ մասնավոր ընկերության բիզնես-շահագրգռություններից, իսկ ավագանին չի կարող այսպես օտարված լինել նման որոշումների վրա ազդելուց:
Նորմալ չէ նաև, որ այս օրերին երկրի ղեկավարությունը դրսում արձակուրդն է անցկացնում: Հիշենք, երբ հարևան Վրաստանում պատերազմ էր, իսկ մեր երկրի վրա դա լուրջ ազդեցություն էր գործել, մեր նախագահը շարունակում էր վայելել Չինաստանում անցկացված օլիմպիական խաղերը և վերադարձավ մեկ շաբաթ հետո միայն: Հիշում ենք նաև, որ այս տարվա ընթացքում տարբեր աղմկահարույց իրադարձությունների` Սյունիքի հայտնի դեպքերի, վարչապետի օֆշորային սկանդալի ժամանակ նախագահն արձակուրդում չէր, սակայն կրկին լռություն էր պահպանում: Այսինքն, արձակուրդում լինի, թե ոչ, դրանից բան չի փոխվում, որովհետև պետական այրերն աչքի չեն ընկնում երկրում կարևոր զարգացումներին և գործընթացներին արագ և ադեկվատ արձագանքելու առանձնահատկությամբ:


Պատրաստեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ